«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆՔ» կատարողական արվեստի նախագծի շրջանակներում այսօր՝ Հանրապետության հրապարակ մետրոյին հարակից շատրվաններում տեղի ունեցած բեմադրությանը «մասնակցեցին» նաև Ստամբուլյան կոնվենցիայի և հայ ազգի այլասերման դեմ պայքարող ակտիվիստները։ Նրանցից մեկը ներկայացման մեկնարկից մոտ տասը րոպե անց կտրեց հոսանքի լարը, մյուսները՝ երաժշտության անջատվելուն պես, սկսեցին գոռալ «ամոթ», «ոչ այլասերմանը», «ինքնիշխան Հայաստան»։ Էլեկտրամատակարարման վերականգնումից հետո նրանք բարձրախոսներ բերեցին՝ երաժշտությունը խլացնելու համար։ Ներկայացմանը զուգահեռ, բեմադրության դեմ պայքարող տղամարդիկ ելույթներ էին ունենում ազգային արժեքների փրկության, այլասերման և Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասին, ով մեղադրվում էր գրաքննությունը մերժելու և «այլասերվածներին, օտար երևութներին, սատանիզմին և ԼԳԲՏ-ին» աջակցելու մեջ։ Նրանք կոչ էին անում ներկայացման մասնակիցներին և նրանց սատարողներին «հեռանալ Հայաստանից»։ Տապալման բոլոր փորձերին զուգահեռ ներկայացումը շարունակվում էր։ Ներկայացման վերջում հակաստամբուլյան ակտիվիստներից մեկը փորձեց հարձակվել արվեստագետների վրա, սակայն բերման ենթարկվեց՝ չհասնելով նշանակետին։ Մյուսը «զելյոնկայի» լուծույթ լցրեց ներկայացման մասնակիցների ուղղությամբ, բերման ենթարկվեց և խոստացավ, որ «քանի կա»՝ «Հայաստանում սատանիզմի քարող չի լինելու»։ Epress.am-ի հարցին՝ ի՞նչ կապ ունի սատանիզմը ներկայացման հետ, հակացույցի մասնակիցներից մեկը ասաց․ «Ոչ մի, բայց մեկ ա՝ կնոջը հարիր չէ», մյուսը խորհուրդ տվեց հարցնել «ձեր սիրելի նախարար Արայիկ Հարությունյանից»։ Ներկայացման վերջում արվեստագետները խոնարհվեցին և շնորհակալություն հայտնեցին բոլորին, ով եկել էր աջակցելու։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև ոստիկանությանը, որը ներկայացման ողջ ընթացքում ապահովում էր մասնակիցների անվտանգությունը և կասեցնում հարձակման փորձերը։ Հակացույցի մասնակիցները սկսեցին քոչարի պարել։ Հիշեցնենք, որ հարձակման մասին բեմադրության հեղինակները ահազանգել էին դեռևս երեկ։ Երկու տղամարդիկ հարձակվել էին նրանց վրա, տապալել գլխավոր փորձը, վիրավորել, մեղադրել «ապազգային, սատանիստական, ԼԳԲՏ» գործողությունների մեջ և «հայ կնոջը ոչ հարիր պահվածքի» համար, վիճաբանության ընթացքում՝ հարվածել արվեստագետ Լիլիթ Պետրոսյանին և ականատես զբոսաշրջիկներից մեկին, այնուհետև՝ «խոստացել վերադառնալ վաղը»։ Երեկվա միջադեպը հանգուցալուծվել էր ոստիկանությունում։ «Հուզանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։ Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով և Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։